Մոնա Լիզայի գաղտնիքները

Նրա խորհրդավոր ժպիտը հմայում է։ Ոմանք դրա մեջ տեսնում են աստվածային գեղեցկություն, մյուսները՝ գաղտնի նշաններ, երրորդները՝ մարտահրավեր նորմերին ու հասարակությանը։ Բայց բոլորը համակարծիք են, որ նրա մեջ կա առեղծվածային ու հրապուրիչ ինչ-որ բան։ Խոսքը, իհարկե, «Մոնա Լիզայի»՝ մեծ Լեոնարդոյի սիրելի կտավի մասին է։
Ո՞րն է ուրեմն Ջոկոնդայի գաղտնիքը։ Վարկածներն անթիվ են։ Ընթերցողի ուշադրությանը ներկայացնենք դրանցից ընդամենը տասը։
Այսօր 77×53 սմ չափերի այդ նկարը պահվում է Լուվրում, հաստ զրահապակու հետեւում։ Բարդենու տախտակի վրա արված պատկերը ծածկված է մանր ճաքերի ցանցով։ Այն ենթարկվել է մի շարք ոչ այնքան հաջող վերականգնումների եւ նկատելիորեն մթնել հինգ հարյուրամյակների ընթացքում։ Սակայն որքան հնանում է նկարը, այնքան շատ մարդկանց է հրապուրում։ Ամեն տարի Լուվր է այցելում 8-9 միլիոն մարդ։
Ասենք, ինքը՝ Լեոնարդոն էլ, չէր ցանկանում բաժանվել «Մոնա Լիզայից», եւ հավանաբար պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հեղինակը չհանձնեց աշխատանքը պատվիրատուին, չնայած վերցրել էր հոնորարը։
Նկարի առաջին տերը, հեղինակից հետո, համարվում է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ը։ Նա նույնպես հիացած էր դիմանկարով։ Գնեց այն ժամանակների համար աներեւակայելի գումարով՝ 4000 ոսկեդրամով, եւ փակցրեց Ֆոնտենբլո դղյակի բաղնիքում, որտեղ հանդիպումներ էր անցկացնում մտերիմների, դեսպանների եւ սիրուհիների հետ։
«Մոնա Լիզայի» մերկ տարբերակը (պատկերված գուցե Դա Վինչիի, գուցեեւ նրա աշակերտներից մեկի կողմից) փակցված էր թագավորի ննջարանում։
Նապոլեոնը նույնպես հմայված էր տիկին Լիզայով (այդպես էր նա անվանում Ջոկոնդային) եւ տեղափոխեց նրան Տյուիլրի պալատի իր ննջարան։ Իսկ իտալացի Վինչենցո Պերուջիան 1911 թվականին գողացավ գլուխգործոցը Լուվրից, տարավ հայրենիք եւ երկու տարի թաքնվում էր Լեոնարդոյի վրձնին պատկանող տիկնոջ հետ, մինչեւ որ ձերբակալվեց Ուֆիցայի պատկերասրահի տնօրենին նկարը փոխանցելու փորձի ժամանակ։
Մի խոսքով, բոլոր ժամանակներում ֆլորենցիացի տիկնոջ դիմանկարը հմայում էր, հիպնոսացնում, հիացնում։ Ո՞րն է նրա հմայքի գաղտնիքը։

Թիվ 1 վարկած.
Դասական
Մոնա Լիզայի մասին առաջին հիշատակումը գտնում ենք Ջորջո Վազարիի նշանավոր «Կենսագրություններում»։ Նրա աշխատությունից իմանում ենք, որ Լեոնարդոն հանձն առավ նկարել «Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի համար Մոնա Լիզայի՝ նրա կնոջ դիմանկարը, եւ չորս տարի աշխատելով՝ թողեց անավարտ»։
Բայց մի՞թե մեր առջեւ իսկապես մետաքսավաճառ Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինն է, որի ազգանունը դարձավ այդ առեղծվածային տիկնոջ երկրորդ անվանումը։
Թերահավատները վիճարկում են այս վարկածը՝ վկայակոչելով մի փաստ. Վազարին 8-ամյա տղա էր, երբ Լեոնարդոն մահացավ։ Նա չէր կարող անձամբ ճանաչել նկարչին կամ նրա բնորդուհուն, այնպես որ՝ սոսկ շարադրել է Լեոնարդոյի առաջին կենսագրության անանուն հեղինակի մատուցած տեղեկությունը։

Թիվ 2 վարկած.
Լեոնարդոյի մոր մասին
Լիզա դել Ջոկոնդոն իսկապես գոյություն է ունեցել։ Իտալացի հնագետները նույնիսկ պնդում են, որ հայտնաբերել են նրա գերեզմանը Ֆլորենցիայի Սուրբ Ուրսուլա վանքում։ Բայց նա՞ է պատկերված նկարում։
Մի շարք հետազոտողներ հավաստում են, որ մի քանի բնորդուհիներ են եղել. չէ՞ որ երբ Լեոնարդոն հրաժարվեց հանձնել նկարը մետաքսավաճառ Ջոկոնդոյին, կտավը դեռ անավարտ էր։ Վարպետը ողջ կյանքում կատարելագործել է իր ստեղծագործությունը՝ ավելացնելով նաեւ այլ բնորդուհիների դիմագծեր, դրանով իսկ ստացել իր դարաշրջանի իդեալական կնոջ հավաքական պատկերը։
Իտալացի գիտնական Անժելո Պարատիկոն ավելի հեռուն գնաց։ Նա համոզված է, որ Մոնա Լիզան Լեոնարդոյի մայրն է, որն իրականում… չինուհի էր։ Հետազոտողը քսան տարի է անցկացրել Արեւելքում եւ հայտնաբերել փաստաթղթեր, որ Լեոնարդոյի հայրը՝ նոտար Պիեռոն, մի հարուստ կլիենտ ուներ, որն էլ ուներ Չինաստանից բերած մի ստրկուհի։ Նրա անունը Կատերինա էր. հենց նա էլ Վերածննդի դարաշրջանի հանճարի մայրն էր:

Թիվ 3 վարկած.
Մոնա Լիզան տղամարդ է
Հաճախ է նշվում, որ Մոնա Լիզայի կերպարը, չնայած ողջ քնքշությանն ու համեստությանը, ունի ինչ-որ առնականություն. հոնքերից ու թարթիչներից զուրկ երիտասարդ բնորդուհու դեմքը տղայական է թվում։
«Մոնա Լիզայի» նշանավոր հետազոտող Սիլվանո Վինչենտին դա պատահական չի համարում։ Նա համոզված է, որ Լեոնարդոյի բնորդը… պատանի էր՝ կնոջ զգեստով։ Եվ դա ոչ այլ ոք է, քան Սալաին՝ Դա Վինչիի աշակերտը։ Իր սանին Լեոնարդոն պատկերել է նաեւ «Հովհաննես Մկրտիչ» եւ «Մարմնացյալ հրեշտակ» նկարներում, որտեղ պատանին ունի նույն այն ժպիտը, ինչ որ Մոնա Լիզան։
Այս վարկածի օգտին են խոսում նաեւ բնորդի եւ նկարչի առանձնահատուկ հարաբերությունները (այդ մասին ակնարկել է դեռեւս Վազարին), որոնցով հավանաբար կապված էին Լեոնարդոն եւ Սալաին։ Դա Վինչին ամուսնացած չէր, երեխաներ չուներ։ Միաժամանակ գոյություն ունի փաստաթուղթ-մատնություն, որտեղ անհայտ մեկը մեղադրում է նկարչին ոմն 17-ամյա պատանու՝ Ջակոպո Սալտարելիի նկատմամբ սոդոմականության մեջ։ Եվ դա Լեոնարդոյի արվամոլության մասին միակ վկայությունը չէ։
Ասենք, կան Մոնա Լիզա կոչվելու բազմաթիվ այլ թեկնածուներ, որոնք մրցակցում են Սալաիի հետ. դրանք են՝ Իզաբելլա Գուալանդին, Ջինեւրա Բենչին, Կոնստանցա դ’Ավալոսը, անառակ Կատերինա Սֆորցան, Լորենցո Մեդիչիի ոմն գաղտնի սիրուհի, նույնիսկ Լեոնարդոյի ծծմայրը։

Թիվ 4 վարկած.
Ջոկոնդա=Լեոնարդո
Եվս մեկ անսպասելի տեսություն, որի մասին ակնարկել է Ֆրեյդը, հաստատում գտավ ամերիկուհի Լիլիան Շվարցի հետազոտություններում։ «Մոնա Լիզան» ինքնադիմանկար է. համոզված է Լիլիանը։
Նյու Յորքի Տեսողական արվեստների դպրոցի նկարիչն ու գծանկարչության խորհրդատուն 1980-ական թվականներին համեմատեց արդեն բնավ ոչ երիտասարդ նկարչի հանրահայտ «Տուրինյան ինքնադիմանկարը» Մոնա Լիզայի դիմանկարի հետ եւ հայտնաբերեց, որ դեմքի համամասնությունները (գլխի ձեւը, աչքերի միջեւ հեռավորությունը, ճակատի բարձրությունը) նույնն են։

Թիվ 5 վարկած.
Գլուխգործոց՝
Դաունի սինդրոմով
Ջոկոնդան տառապում էր Դաունի հիվանդությամբ. 1970-ական թվականներին այսպիսի եզրակացության հանգեց անգլիացի լուսանկարիչ Լեո Վալան այն բանից հետո, երբ հորինեց Մոնա Լիզային կիսադեմով շրջել թույլ տվող մեթոդ։
Միաժամանակ դանիացի բժիշկ Ֆինն Բեկեր-Քրիստիանսոնը համանման ախտորոշում տվեց Ջոկոնդային. դեմքի բնածին կաթված։ Անհամաչափ ժպիտը, նրա կարծիքով, վկայում է հոգեկան շեղումների մասին, ընդհուպ մինչեւ ապուշություն։
Ջոկոնդայի ամբողջական «բժշկական քարտը» հավաքեց գինեկոլոգ Խուլիո Կրուսը իր «Հայացք Ջոկոնդային՝ բժշկի աչքերով» գրքում։ Ստացվեց այն աստիճան սարսափելի բան, որ անհասկանալի է, թե ինչպես էր այդ կինն ընդհանրապես ապրում։ Պարզվում է, նա, ըստ տարբեր հետազոտողների վարկածների, տառապում էր ալոպեցիայով (մազաթափություն), արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակով ու պիորեայով (ատամների վզիկի բացվածք, դրանց շարժվելն ու թափվելը) եւ նույնիսկ ալկոհոլիզմով։
Նա տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, լիպոմայով (բարորակ ճարպային ուռուցք ձեռքի վրա), շլաչքությամբ, կատարակտով ու ասթմայով։

Թիվ 6 վարկած.
Հղի Լիզա
Կա նաեւ մեկ այլ տարածված «բժշկական» վարկած. հղիություն։ Ամերիկացի գինեկոլոգ Քեննեթ Դ.Քիլը համոզված է, որ Մոնա Լիզան փորի վրա խաչել է ձեռքերը՝ ռեֆլեքսով պաշտպանելով իր դեռեւս չծնված երեխային։

Թիվ 7 վարկած.
Տիրամայր Լիզա
Այն վարկածը, թե «Մոնա Լիզան» սրբապատկեր է, որում Տիրամոր տեղը զբաղեցրել է երկրային կինը, նույնպես տարածված է։
Հենց դրանում է կտավի հանճարեղությունը, հենց դրա համար էլ այն դարձավ արվեստում նոր դարաշրջանի մեկնարկի խորհրդանիշ։ Նախկինում արվեստը ծառայում էր եկեղեցուն, իշխանությանն ու ազնվական խավին։ Լեոնարդոն ապացուցում է, որ նկարիչը վեր է այդ ամենից, որ ամենաարժեքավորը վարպետի ստեղծագործական մտահղացումն է։

Թիվ 8 վարկած.
Լեոնարդոն՝ 3D-ի ստեղծող
Այդ համադրությունը ստացվել է Լեոնարդոյի հայտնագործած հատուկ տեխնիկայի՝ սֆումատոյի օգնությամբ (իտալերենից բառացի՝ «ծխի պես անհետացող»)։ Գեղանկարչական հենց այս հնարքն էլ, երբ ներկերը դրվում են շերտ շերտի վրա, թույլ տվեց Լեոնարդոյին օդային հեռանկար ստեղծել պատկերում։ Այդ հնարքի շնորհիվ լույսը տարբեր կերպ է արտացոլվում ու ցրվում կտավի վրա, կախված դիտանկյունից եւ լուսավորության անկյունից։ Դրա համար էլ բնորդի դեմքի արտահայտությունը մշտապես փոխվում է։
«Մոնա Լիզան» պատմության մեջ առաջին 3D նկարն է, եզրակացնում են հետազոտողները։

Թիվ 9 վարկած.
Գաղտնի նշաններ
Գաղտնի նշանները «Մոնա Լիզան» հետազոտողների սիրելի թեման են։
Լեոնարդոն պարզապես նկարիչ չէ, նա ինժեներ է, գյուտարար, գիտնական, հետազոտող, հանճար, որի հավասարը մարդկությունը չի ճանաչում, եւ հավանաբար իր լավագույն գեղանկարչական ստեղծագործության մեջ նա ծածկագրել է տիեզերական ինչ-որ գաղտնիք։

Թիվ 10 վարկած.
Դիմանկար խորապատկերին
Բազմաթիվ վարկածներ են կապված նաեւ բնանկարի հետ, որի խորապատկերին նկարված է Մոնա Լիզան։ Որոշ հետազոտողներ դրա մեջ բոլորաշրջան են տեսնում։ Թվում է, բավական է մի քանի գիծ անցկացնել բնանկար եզրերը միացնելու համար։ Բառացիորեն մեկ-երկու սանտիմետր է պակասում, որպեսզի շրջանն ամբողջանա։
Բայց չէ՞ որ Պրադո թանգարանում պահվող նկարի տարբերակի վրա կան սյուներ, որոնք, դատելով ամենից, եղել են նաեւ բնօրինակում։ Ոչ ոք չգիտի, թե ով է եզրահատել նկարը։ Եթե այն ամբողջացվի, ապա պատկերը դառնում է շրջապարփակ բնանկար, որը խորհրդանշում է, որ մարդկային կյանքը կախարդված է ճիշտ այնպես, ինչպեսեւ ամեն ինչ բնության մեջ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s